Category : smallslider2

Գլխավոր»Archive by Category "smallslider2"

Հայկ Հովհաննիսյանը` միջազգային արբիտրաժում ներկայացուցչության մասին

Հայկ Հովհաննիսյանն այսօր ելույթ կունենա Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերը» թեմայով սեմինարին:
Նա կներկայացնի միջազգային արբիտրաժային հաստատություններում ներկայացուցչություն իրականացնելու հիմնական հմտությունները ր կկիսվի իր փորձով

Վճռաբեկ դատարանը՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի վերականգնման վերաբերյալ

Գործող օրենսդրության համաձայն դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-­րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Նույն կանոնը նաև վերաբերում է այն դատական ակտերի հարկադիր կատարմանը, որոնք նախատեսում են պարբերական վճարումների կատարում, կամ, օրինակ, կատարում վճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի հետո: Իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո։

ՎԴ-ն գտել է, որ առկա իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից։ Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով:

ՎԴ-ն արձանագրել է, որ դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։ Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

Այսպիսով ՎԴն հանգում է այն եզրակացության, որ որոշ դեպքերում կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը կատարողական թերթ տված դատարանի կողմից պետք է բավարարվի իրավունքի ուժով (ex jure)՝ հաշվի առնեով այդ ժամկետը բաց թողնելու պատճառները։ Ըստ ՎԴ-ի՝ նշված կանոնը գործում է հետևյալ պայմանների միաժամանկյա առկայության դեպքում.

1)         պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը,

2)         կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու պահին չի լրացել կատարման ենթակա դատական ակտով սահմանված պարտավորության (ների) կատարման համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ժամկետը,

3)         առկա է այդ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում՝ ուղղված այդ կատարողական թերթը տված դատարանին:

 

Աղբյուր` http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14918173765678680

 

 

 

 

Հովհաննիսյան և գործընկերներ ՍՊԸ դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի լիիրավ անդամ

Հովհաննիսյան և գործընկերներ ՍՊԸ պաշտոնապես ընդգրկվել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների ռեեստրում:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, միավորում է ավելի քան 100 ընկերությունների ԱՄՆ-ից, Հայաստանից և այլ երկրներից, հանդիսանալով ամենազդեցիկ և ամենամեծ բիզնես համայնքներից մեկը:
Վստահ ենք, որ մեր համագործակցությունը Amcham հետ կլինի արդյունավետ, կաջակցի մեզ առավել խորը հասկանալ օտարերկրյա բիզնեսի կողմից Հայաստանում հանդիպող մարտահրավերները և խնդիրները, քանի որ Հայաստանում օտարերկյա ներդրումների իրավական աջակցությունը հանդիսանում է մեր ընկերության գերակա խնդիրներից մեկը:

Հայկ Հովհաննիսյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի կազմում

Հայկ Հովհաննիսյանը պետական քննական հանձնաժողովի կազմում մասնակցում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի «քաղաքացիական իրավունք և դատավարություն» մագիստրոսական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրոսական աշխատանքների պաշտպանությանը:

Հայկ Հովհաննիսյանը հյուրընկալեց Լուի Պուզենին

Դատագրամի ստեղծողն ու Հովհաննիսյան և գործընկերների կառավարող գործընկերը ընթրիքի շուրջ քննարկեցին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների մասին

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հարաբերակցության որոշ գործնական հարցեր

Մասնավոր կյանքի անձեռնամխելիության իրավունքը քաղաքակիրթ հասարակությունների արժեհամակարգերի այն կարևորագոյն տարրերից է, որը իր ամրագրումն է գտել բազմաթիվ պետությունների սահմանադրություններում կամ նման նշանակության օրենքներում: Մասնավոր կյանքի անձեռնամխելիության իրավունքի` որպես սահմանադրական իրավունքի արժևորումը, ներկա ժամանակում առավել քան անհրաժեշտություն է, որը պայմանավորված է տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի աստիճանով: Անձի մասնավոր կյանքն ուղղակիորեն առնչվում է անձի անձնական տվյալների հետ, որոնց անձեռնամխելիության և գաղտնիության ապահովումն է, որ իրական պայմաններ է ստեղծում անձի մասնավոր կյանքի անձեռնամխելիությունն իրական դարձնելու համար: Անձնական տվյալների հետ անմիջականորեն առընչվում են բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Դրանց պաշտպանության անհրաժեշտությունը առավել կարևորվում է այն կազմակերպություններում, որոնք անձնական տվյալների հետ կապված իրենց գործառույթները իրականացնում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք օրենքով սահմանված նպատակով և կարգով ձեռք բերելով որոշակի անձնական տվյալներ, դրանք կարողանում են օգտագործել այլ առևտրային նշանակության նպատակներով: Օրինակ` բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպությունները, տուրիստական ընկերությունները, կապի օպերատորները, խանութների ցանցերը և այլն:

Վերոգրյալ պետությունների շարքին է դասվում նաև Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` ՀՀ), որի Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Այս իրավունքի իրացման ապահովմանն է ուղղված ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը[1], որը, սակայն, կարող էր առավելապես ունենալ հռչակագրային բնույթ, եթե ՀՀ օրենսդիր մարմնի կողմից չընդունվեին մի շարք օրենքներ, որոնց դրույթների մի մասը կամ օրենքն ամբողջությամբ ուղղված են հասարակական հարաբերություններում հիշյալ իրավունքի իրացման իրական հնարավորության ստեղծմանը և ամրագում են գործնական երաշխիքներ և մեխանիզմներ մարդու մասնավոր կյանքի անձեռնամխելիության իրավունքի պաշտպանության համար:

Այդ նորմատիվ իրավական ակտերի համակարգում կարևորագույն դեր է կատարում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք), որը ընդունվել է 06.12.2015թ., իսկ ուժի մեջ է մտել 22.12.2015թ.:  Հատկանշական է, որ այս օրենքի բազմաթիվ դրույթներ համահունչ են Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին 28.01.1981թ. կոնվենցիային:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը սահմանում է, որ անձնական տվյալը  ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.»: Օրենքի նույն հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը դասակարգում են անձնական տվյալների տեսակները, որոնց պաշտպանության ռեժիմը այս կամ այն չափով տարբերվում է` կապված անձի համար դրանց կարևորության աստիճանով, ինչպես նաև դրանց՝ երրորդ անձանց հասանելի դառնալու ռիսկերի բարձր մակարդակով:

Նշված դրույթների համաձայն անձնական տվյալները բաժանվում են հետևյալ տեսակների` անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական անձնական տվյալներ, հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ և հանրամատչելի անձնական տվյալներ:

Այդ տեսակներից յուրաքանչյուրը ընդգրկում է որոշակի խումբ տվյալներ, որոնք կոնկրետ հատկանիշով ընդհանրանում են և առաջացնում առանձին մեկ ռեժիմով կարգավորվելու անհրաժեշտություն:

Անձնական կյանքի տվյալներն են` անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ:

Կենսաչափական անձնական տվյալներն են` անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ:

Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներն են` անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ:

Հանրամատչելի անձնական տվյալներն են` տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ:

Միաժամանակ, Օրենքի նույն հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը սահմանում են անձնական տվյալների մշակման և օգտագործման հասկացությունները:

Անձնական տվյալների մշակում է համարվում անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբը, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:

Իսկ անձնական տվյալների օգտագործումը անձնական տվյալների հետ կատարվող գործողությունն է, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին:

Վերը ներկայացված իրավական հասկացությունների բովանդակությունների բացահայտումը հնարավորություն է տալիս պարզելու, թե վերոգրյալ կազմակերպություններից որոնք ինչ չափով են իրենց գործունեության ընթացքում մշակում և օգտագործում անձնական տվյալներ, ինչը անհրաժեշտաբար առաջացնում է նրանց կողմից անձնական  տվյալների մշակման և օգտագործման ընթացքում այդ տվյալների համար Օրենքով սահմանված ռեժիմի ապահովման անհրաժեշտություն:

Ենթադրենք ապահովագրական կազմակերպությունը ապահովագրում է անձի առողջությունը, բնականաբար ապահովագրողը պետք է ապահովադրից պահանջի վերջինիս  կամ շահառուի (կախված նրանից, թե ում առողջությունն է ապահովագրվում) առողջության վերաբերյալ հավաստի և ամբողջական տվյալներ, որոնք հանդիսանում են հատուկ կատեգորիայի անձնական տվյալ և դրանց մշակումն ու օգտագործումը ապահովագրական կազմակերպությունը պարտավոր է իրականացնել այդ տեսակի անձնական տվյալին վերաբերող օրենքի պահանջներին համահունչ` չհաշված ապահովագրական գաղտնիքի ռեժիմով դրանց պաշտպանության հնարավորությունը, քանի որ այն, քննարկվող տվյալի վերաբերմամբ, ունի դիսպոզիտիվ բնույթ: Բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում, օրինակ` վարկ տրամադրելիս վերջիններս վարկառուից պահանջում են նրա, օրինակ` անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, որոնք ևս անձնական տվյալներ են և Օրենքի պահանջն է, որպեսզի ապահովվի դրանց պաշտպանվածությունը` անկախ նրանից, որ դրանց պաշտպանությունը, ինչ-որ չափով, կարող է ապահովվել նաև բանկային գաղտինքի պաշտպանության շրջանակներում: Կամ, օրինակ` կապի օպերատորները կամ տուրիստական կազմակերպությունները ուղղակի մարկետինգ իրականացնելիս (direct marketing):

Այդ ռեժիմների չապահովումը առաջացնում է վարչական, ավելին, անգամ քրեական պատասխանատվություն:

Հաշվի առնելով այն, որ անձնական տվյալների պաշտպանության ինստիտուտը ներկայիս կարգավորմամբ նորություն է ՀՀ իրավական համակարգի համար, որը նոր իրավական մշակույթ է ՀՀ իրավական կյանքում և ուղղված է սահմանադրորեն և միջազգային փաստաթղթերով արժևորված արժեքի` անձի մասնավոր կյանքի անձեռանմխելիության իրավունքի պաշտպանությանը, ուստի անհրաժեշտ է, որ անձնական տվյալներ մշակող ցանկացած սուբյեկտ մանրամասն և ամբողջությամբ տեղեկացված լինի հիշյալ իրավադրույթներին` դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցներից խուսափելու և որ ամենակարևորն է՝ նպաստելու այս նոր իրավական մշակույթի ձևավորմանն ու կայացմանը ՀՀ-ում:

 

222

Գագիկ Գրիգորյան  

Փաստաբան

Հովհաննիսյան և գործընկերներ ՍՊԸ

[1] Տե`ս ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ գրքի գլուխ 2, 277-281 էջ, ընդհանուր խմբագրությամբ Գ. Հարությունյանի և Ա. Վաղարշյանի, 2010թ.: Չնայած նրան, որ նշված մեկնաբանությունները վերաբերում են 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության նույն հարցերին վերաբերող դրույթներին, այնուամենայնիվ, դրանք գործող ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներին նույնպես վերաբերելի են:

The Legal 500: «Ծանրակշիռ ընկերություն» 2016

«Ծանրակշիռ ընկերություն». «Հովհաննիսյան և գործընկերներ»-ը The Legal500 հեղինակավոր կայքում Ապրիլի 13-ին The Legal500 հեղինակավոր կայքը գրանցեց «Հովհաննիսյան և գործընկերներ» ընկերությունը հայկական լավագույն իրավաբանական ընկերությունների ցանկում: Ընկերությունը կայքում ներկայացվում է որպես «ծանրակշիռ, ժամանակին մատուցվող…