Գլխավոր»Վճռաբեկ դատարանը անդրադարձել է կետանցված աշխատավարձի նկատմամբ ՀՀ ՔՕ 411-րդ հոդվածի կիրառելիության հարցին:

Վճռաբեկ դատարանը անդրադարձել է կետանցված աշխատավարձի նկատմամբ ՀՀ ՔՕ 411-րդ հոդվածի կիրառելիության հարցին:

Հեղինակ՝ Հայկ Պողոսյան

Վճռաբեկ դատարանը անդրադարձել է կետանցված աշխատավարձի նկատմամբ ՀՀ ՔՕ 411-րդ հոդվածի կիրառելիության հարցին:
Գործող օրենսդրության համաձայն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Նշված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետ): Իրավակիրառ պրակտիկայում դատարանները բավարարել են հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձվող գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու պահանջները:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը՝ որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով՝ որպես հատուկ կանոն:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ աշխատավարձի՝ որպես կատարված աշխատանքի դիմաց հատուցման վճարման և չվճարելու համար պատասխանատվության կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
Այսպես` ընդհանուր կանոնի համաձայն՝ աշխատավարձը վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Նշված պարտականությունը չկատարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն՝ օրական 0,15 տոկոսի չափով տուժանքի չափով: Ընդ որում, օրենսդրի կողմից սահմանափակվել է այդ պատասխանատվության՝ տուժանքի չափը. այն չի կարող գերազանցել վճարման ենթակա գումարի չափը: Նշված իրավակարգավորումը, ըստ էության, գործատուի պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որը երաշխավորում է աշխատողների՝ օրենքով սահմանված ժամկետում իրենց հասանելիք աշխատավարձն ստանալու իրավունքի իրականացումը:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատավարձը չվճարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվել է պատասխանատվության հատուկ կանոն: Նման պայմաններում, հաշվի առնելով ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իրավակարգավորումը, այնպես էլ այն հանգամանքը, որ նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձը չվճարելու համար ենթակա է կիրառման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:
Այսինքն՝ չվճարված աշխատավարձը բռնագանձելիս որպես պատասխանատվություն կիրառվում է օրական 0,15 տոկոսի չափով տուժանք, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա աշխատավարձի չափը:
Աղբյուր` http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14355223812315693

Comments are closed.