Գլխավոր»Սնանկության վարույթում գրավի իրավունքի իրացման մասնավոր դեպքի մասին։

Սնանկության վարույթում գրավի իրավունքի իրացման մասնավոր դեպքի մասին։

Հեղինակ՝ Գագիկ Գրիգորյան

Պարտատերերի պահանջների բավարարման սառեցման ժամանակ (Մորատորիում) գրավի իրավունքի իրացման մասնավոր դեպքի մասին
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը կարգավորում են սնանկության վարույթ հարուցելուց հետո մինչեւ անձին սնանկ ճանաչելը այդ անձի (այսուհետ՝ Պարտապան) պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (այսուհետ՝ Մորատորիում) եւ դրա հետ կապված հարաբերություններն ու հարցերը:
Ի թիվս այլնի հիշյալ նորմը սահմանում է այն պահանջների տեսակներն ու շրջանակները, որոնց նկատմամբ Մորատորիումի գործողությունը տարածվում է:
Մորատորիումի ինստիտուտի կարեւորությունը սնանկության վարույթի խնդիրների եւ նպատակների իրականացման գործում հնարավոր չէ թերագնահատել, հատկապես, դրանց շարքում՝ կորպորացիա հանդիսացող Պարտապանների առողջացման նպատակի իրականացման հետ կապված՝ հաշվի առնելով նրանց դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ապահովման եւ հասարակության զբաղվածության խնդիրների լուծման գործում:
Միաժամանակ, սակայն, պետք է նշել, որ Մորատորիումի գործողությունը միշտ չէ որ ունի բացարձակ նշանակություն, ինչով պայմանավորված օրենսդիրը Պարտապանի որոշակի իրավական ռեժիմ ունեցող գույքերի նկատմամբ թեեւ Մորատորիումի գործողությունը տարածել է, սակայն, օրենքով նախատեսված դեպքերում չի սահմանափակել դրանց տնօրինման հնարավորությունը:
Այդ դեպքերից է Պարտապանի կողմից ի շահ երրորդ անձի գույքի գրավադրման դեպքը, որի կարգավորման կիրառումը պրակտիկայում, հաճախ, հանդիպում է խնդիրների, որոնց պատճառը թաքնված է ոչ միայն պրակտիկայում, այլ նաեւ համապատասխան օրենսդրական կարգավորման մեջ:
Այսպես, Մորատորիումի գործողությունն ամբողջությամբ ապահովելու համար, այն է՝ սնանկության վարույթից դուրս Պարտապանի գույքի տնօրինումը բացառելու նպատակով, Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը սնանկության գործով ժամանակավոր կառավարչին իրավունք է վերապահում, մինչեւ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումը, միջնորդել դատարանին Պարտապանի գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ, որը գործնականում կիրառվում է գրեթե միշտ եւ շարունակում է կիրառված մնալ Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո՝ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի ուժով: Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը հիշտակված նպատակով սահմանում է, որ Պարտապանի սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները (նման նորմ է սահմանված նաեւ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, որը պարունակում է ընդհանուր բնույթի ձեւակերպում եւ անհստակություն, որը սակայն, դուրս է սույն հոդվածի առարկայից):
Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտապանի գույքը, որը վերջինս գրավադրել է այլ անձանց պարտավորությունների ապահովման համար, նույնպես ներառվում է Պարտապանի սնանկության զանգվածի կազմում:
Նշված կարգավորումներով պայմանավորված, գործնականում, հատկապես բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ձեռնարկատերերի միջեւ ծագող վարկային իրավահարաբերություններում, վարկային պարտավորությունների կատարման համար Պարտապանի կողմից այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքերի վրա բռնագանձում տարածելու համար, այդ անձանց պարտատերերի կողմից նախաձեռնած դատական կամ արտադատական գործընթացների ընթացքն արգելափակվում է:
Նման իրավիճակում անհարկի ձգձգվում է պարտատերերի, մասնավորապես՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների գրավի առարկայից բավարարում ստանալու իրավունքի իրացումը, որն իրավական, ֆինանսա-տնտեսական եւ տրամաբանական առումներով հիմնավորված համարվել չի կարող, քանի որ Պարտապանի գույքի գրավով ապահովված պարտավորությամբ այլ անձանց պարտատերերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ մասի , 243.1 հոդվածի 1-ին մասի ուժով, Պարտապանի մյուս պարտատերերի համեմատ, նշված գրավի առարկայից առաջնահերթ բավարարման իրավունք ունեն՝ անկախ գրավի առարկայի նկատմամբ Մորատորիումի գործողությունը տարածված լինելու եւ դրա ապահովման համար արգելանք կիրառված լինելու հանգամանքներից: Իսկ այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելն անհիմն արգելակում է քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը՝ հանգեցնում տնտեսության զարգացմանը նպաստող մի շարք գործընթացների խափանմանը:
Ինքնին հասկանալի է, որ Պարտապանի նկատմամբ սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու, այնուհետեւ, Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պարագայում քննարկվող արգելանքների կիրառում իրավաչափ է եւ հետապնդում է իրավական նպատակ, սակայն, պատահական չէ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ նման իրավիճակներում կիրառված արգելանքները խոչընդոտ չեն գրավառուի գրավի առարկայից բավարարում ստանալու իրավունքի իրացման համար:
Եթե մինչեւ 17.06.2016թ., երբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց հիշյալ հոդվածով, նշված արգելանքները կարող էին խոչընդոտ հանդիսանալ՝ գրավի առարկայից բավարարում ստանալու գրավառուի իրավունքի իրացման համար, ապա դրա ուժի մեջ դրվելուց հետո այդ խնդիրն օրենսդիրն ամբողջությամբ լուծեց, սակայն, գործնականում այն լուծված համարվել չի կարող, քանի որ թե ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, եւ թե ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նշված նորմը չեն կիրառում եւ գրավի առարկայի նկատմամբ իրենց լիազորությունների շրջանակներում կատարվելիք գործողությունները չեն կատարում: Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նշված արգելանքների առկայությունը համարում է խոչընդոտ Պարտապանի գույքի գրավով ապահովված պարտավորությամբ պարտապանի հանդեպ հարուցված կատարողական վարույթով բռնագանձում իրականացնելու համար, իսկ երբ ինչ որ հրաշքով դա տեղի է ունենում, ապա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն խուսափում է այդ բռնագանձման արդյունքում համապատասխան գրանցումներ կատարելուց: Արդյունքում խախտվում է գրավառուների` գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու իրավունքը:
Դիտարկվող իրավիճակում ակնհայտ է, որ գրավի առարկաների նկատմամբ կիրառված արգելանքները խոչընդոտ չեն ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրենց պարտականությունների կատարման համար, որոնք բխում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածի պահանջներից:
Նման մոտեցումն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ մասի, 243.1 հոդվածի 1-ին մասի պահանջներին: Գրավառուի գրավի առարկայից անխոչընդոտ բավարարում ստանալու իրավունքի իրացման արգելքը խախտում է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման սկզբունքի պահանջը:
Առանձին քննարկման հարց է Պարտապանի գույքի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների կասեցման խնդիրը: Բանն այն է, որ նշված կատարողական վարույթները կասեցնելուց հետո, երբ Պարտապանը ճանաչվում է սնանկ, Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն կարճվում են միայն Պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթները եւ որեւէ այլ նորմով կարգավորված չէ թե ինչ է լինելու այն կատարողական վարույթների հետ, որոնք հարուցվել են ոչ Պարտապանի վերաբերյալ, սակայն, վերաբերում են պարտապանի գույքին եւ Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով կասեցվել են:
Բոլոր դեպքերում, եթե անգամ համարենք, որ Պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթները ներառում են նաեւ Պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները (այդ թվում՝ երրորդ անձի օգտին գրավադրված գույքի), այնուամենայնիվ, այս դեպքում եւս խոչնդոտվում է այլ անձի պարտավորության համար Պարտապանի գույքի նկատմամբ գրավի իրավունք ունեցող գրավառուի առաջնահերթ բավարարում ստանալու իրավունքը, քանի որ, այդ դեպքում, գրավի առարկա գույքի բռնագանձման կատարողական վարույթը, Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն, կկարճվի:
Նշվածից հետեւում է, որ Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը խմբագրման կարիք ունեն: Դրանց բովանդակությունը պետք է ձեւակերպել այնպես, որ Պարտապանի կողմից երրորդ անձի օգտին գրավադրված գույքի բռնագանձման կատարողական վարույթները չկասեցվեն, ինչպես նաեւ հետագայում չկարճվեն:
Ավարտելով՝ ցանկանում ենք ընդգծել, որ չնայած վերոգրյալ գործնական եւ օրենսդրական խնդիրներին, ՀՀ սնանկության մասին եւ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրություններում առկա որոշակի ինստիտուներ հնարավորություն են ընձեռնում, ինչ-որ չափով, հաղթահարել հիշյալ խնդիրները: Այս հնարավորության առկայությունը, սակայն, չի կարող իմաստազրկել եւ չի իմաստազրկում սույն աշխատանքում բարձրացված խնդիրների լուծման անհրաժեշտությունը, քանի որ այդ ինստիտուտների հիմնական նպատակները քննարկվող հարցերը կարգավորելը չեն:

Comments are closed.